Հյուսիսի օգնությամբ հաջորդ գործընթացները հավանաբար կգեներացվեն Ռուբեն Վարդանյանի միջոցով

Այսօր Բագրատ Գալստանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այսուհետ իրենց շարժումը դառնալու է քաղաքական օրակարգ թելադրող, քաղաքական լուծումները քննարկվում են՝ անհնար ու հնարավոր քաղաքական լուծումներով հասնելու իշխանափոխության։


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։


«Ըստ իս՝ սա հետդարձի ճանապարհն ավելի տանելի դարձնելու փորձ է, ակնհայտ է, որ գործընթացն ավարտվեց, այն ավարտվեց հավանաբար պատվիրատուների հուսախաբությամբ, որովհետև ամենայն հավանականությամբ նրանք կարծում էին, որ եթե եկեղեցականն է առաջնորդում, ապա ավելի մեծ հաջողություններ կունենան։ Գուցե ժողովրդական որոշակի համախմբում կարողանային ունենալ, գուցե որոշումների կայացման վրա կարողանային ազդեցություն ունենալ կամ գոնե ստանային Մարտի 1-ի նման ինչ-որ մի բան, որը հետո կարողանային ՀՀ իշխանությունների վզին փաթաթել, ինչը, օրինակ, ուզում էին անել հունիսի 12-ի իրադարձությունների բերումով, բայց չստացվեց»,- ասաց քաղաքագետը։


Նրա խոսքով՝ այս պահին ինչ-որ մի բանով պետք է կերակրեն իրենց հետևորդներին, և այդ կերակուրն, այսպես կոչված, անհնար միջոցներով իշխանությունը փոխելու խոսքերն են, ինչն ինքնին աբսուրդ է, որովհետև եթե միջոցն անհնար է, ուրեմն դա հնարավոր չէ իրականացնել։

 

Նա նշեց, որ սա տվյալ փուլի վերջն է, և հավելեց, որ նկատի ունի այն փուլը, որը ղեկավարում էր Բագրատ Գալստանյանը. այն քաղաքական ուժերը, որոնք 2018-ից անընդհատ այս գործընթացներն իրականացնում են և հերթով տարբեր դերակատարների միջոցով փորձում են ինչ-որ բան անել, աշնանը նոր մարդու կգտնեն հավանաբար։


«Այդ նոր մարդու համար գուցե նորից ինչ-որ բան ստանան, գուցե հյուսիսից ինչ-որ գումարներ ստանան՝ Հայաստանի ներսում պրոցեսներ գեներացնելու համար։ Իհարկե, չենք խոսում այն մասին, որ պարտադիր գումարներ են ստանում, բայց ինչ-որ աջակցություն ստանում են, գուցե նյութական, գուցե ոչ նյութական։ Ի վերջո եկան հասան այնպիսի մի հանգրվանի, որի դեպքում այս պահին կարծես թե այլևս ակնհայտ երևացող թեկնածու չկա։ Թեև կա մեկ մարդ, որը կարող է որոշակի էմոցիոնալ ֆոն ապահովել Հայաստանում. ըստ իրենց երևի՝ դա Ռուբեն Վարդանյանն է, որը գերության մեջ է։ Գուցե այդ նույն հյուսիսի օգնությամբ Ռուբեն Վարդանյանին հանեն գերությունից և աշնանը կամ հաջորդ տարի գարնանը նրա միջոցով մեկ անգամ էլ գործընթացներ գեներացնեն՝ ամենայն հավանականությամբ նույն արդյունքով»,- հավելեց քաղաքագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան